Կապուտիկյանի մասին
Սիլվա Բարունակի Կապուտիկյանը ծնվել է 1919 թ. հունվարի 20-ին Երևանում` Վանից գաղթած և Երևանում ընտանիք կազմած տարագիրների հարկի տակ: Հայրը` Վանում ճանաչված դաշնակցական գործիչ, ուսուցիչ և խմբագիր Բարունակ Կապուտիկյանը, մահացել է դստեր ծննդից 3 ամիս առաջ խոլերայի համաճարակից: Ապագա բանաստեղծուհին մեծացել է մոր և տատի խնամքի տակ, ունեցել դժվար մանկություն, հիշողություններ ամբարել գաղթականներով բնակեցված իրենց թաղից:1937 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է Երևանի ցուցադրական (այժմ` Նիկոլ Աղբ ալյանի անվան) դպրոցը:1933 թ. դեկտեմբերի 24-ին “Պիոներ կանչ” թերթում լույս է տեսել նրա 1-ին բանաստեղծությունը`“Պատասխան Թումանյանին” վերնագրով: 1941 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:1949-50 թթ. սովորել է Մոսկվայում, ավարտել Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացը:1941 թ.-ից Հայաստանի գրողների միության անդամ էր: 1948 թ. ընդունվել է ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության շարքերը: 1945 թ. լույս է տեսել “Օրերի հետ” բանաստեղծությունների 1-ին ժողովածուն, այնուհետև հրատարակել է 60-70 գիրք` բանաստեղծություններ և արձակ` հայերեն, ռուսերեն, անգլերեն, վրացերեն, լիտվերեն, ուկրաիներեն, թուրքերեն և այլ լեզուներով:1952 թ. “Իմ հարազատները” բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ԽՍՀՄ, իսկ 1988 թ.` ՀԽՍՀ պետական մրցանակներին, նույն թվականին ստացել նաև իտալական “Նոսիդիե” կոչվող գրական մրցանակը: Ունի մանկական ստեղծագործությունների մոտ 40 հրատարակություն` հայերեն, ռուսերեն, նախկին ԽՍՀՄ շատ ժողովուրդների լեզուներով:

Խոսք` Ս.Կապուտիկյանի
Երաժշտությունը` Լ.Սարիբեկյանի
Կատարում է Լ.Սարիբեկյանը
Արփեն Մովսիսյան
Վահան Կարապետյան
ԽՈՍՔ ԻՄ ՈՐԴՈւՆ
Այս գարնան հետ, այս ծաղկունքի,
Այս թռչնակի, այս առվակի,
Հետն այս երգի ու զարթոնքի
Բացվեց լեզո՜ւն իմ մանկիկի։
Ու թոթովեց բառ մի անգին
Հայկյան լեզվից մեր սրբազան,
Ասես մասունք հաղորդության
Դիպավ մանկանս շրթունքին...
— Լսի՛ր, որդիս, պատգամ որաես
Սիրող քո մոր խո՜սքը սրտանց,
Այսօրվանից հանձնում եմ քեզ
Հայոց լեզո՜ւն հազարագանձ:
Բա՛ց շուրթերդ, խոսի՜ր, անգի՛ն,
Ժիր դայլայլի՜ր, ի՛մ սիրասուն,
Թող մանկանա՛ քո շուրթերին
Մեր ալեհե՜ր հայոց լեզուն...
Պահի՛ր նրան բարձր ու վճիտ,
Արարատի սուրբ ձյունի պես,
Պահիր նրան սրտիդ մոտիկ,
Քո պապերի աճյունի պես,
Ու ոսոխի զարկիցը սև
Դու պաշտպանի՛ր կրծքով նրան,
Ինչպես մո՜րդ կպաշտպանես,
Թե սո՛ւր քաշեն մորդ վրա.
Ու տե՛ս, որդիս, ո՛ւր էլ լինես,
Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս,
Թե մո՛րդ անգամ մտքից հանես,
Քո մա՜յր լեզուն չմոոանա՛ս...
1944 թ.
-
Շատ սիրելի Սիլվային.
Չլիներ ծովը, երկնքի պատկերը երկրի վրա չէր լինի,
չլիներ քո պոեզիան … շատ խավար կլիներ մեր երկիրը:
Ապրիր, ստեղծիր, եղիր հավատարիմ մեր ժողովրդի իղձերին:
Սրտի բոլոր ջերմությամբ …ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ
20.01.55թ., Երևան