Նորություններ

ՀՈՒՇԱՔԱՐ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ԵՎ ԱՐԱ ՇԻՐԱԶԻ

Օրվա խորհրդի մասին տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը նշեց, որ հուշաքարի հեղինակ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանը քանդակագործ Յուրա Պետրոսյանի հետ արդեն 2 տարի նպատակադրվել էին հավերժացնել իրենց լավագույն ընկերոջ՝ 60-ականներից Երևանը զարդարող  Արա Շիրազի հիշատակը: Լավագույն լուծումը եղավ մեր ժողովրդի պարծանք զույգ անունների մեկտեղումը: Այժմ միացյալ հուշատախտակը  շենքի պատը զարդարող 4-րդ քարն է, որ փաստում է հասարակության երախտագետ պահվածքը  մեծերի հանդեպ: Նա նշեց նաև, որ հուշաքարի պատրաստման մեկենասը դարձել է ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, իսկ Երևանի քաղաքապետարանը փողոցի սկզբնամասում տեղադրել է դեպի թանգարան ուղղորդող վաղուց սպասված ցուցանակը:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, վկայակոչելով բանուկ փողոցի երթևեկությունը, իր խոսքում շեշտեց, որ փողոցային աղմուկը ամենևին էլ ավելորդ մի բան չէ.

 -Կյանքի ձայներին ականջալուր լինելը, կայնքը բազմազանությամբ զգալը արվեստագետի ամենամեծ հաջողությունն է: Արվեստագետը չի մտածում, թե իր գործերը ինչ փառք են  բերելու հետագայում: Կապուտիկյանը կամ Արա Շիրազը գործել ու պայքարել են, քանի որ չէին կարող ապրել այլ կերպ: Նրանցից մեկը իր հախուռն ու հուզախռով, մյուսը ավելի հանդարտ արվեստով մոտեցրել են մեր այս օրը:

Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը  ներկաներին հիշեցրեց, որ այս բոլոր արարողությունները  իրականացվում են Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին ընդառաջ՝ նախապատրաստելով մեծ հոբելյանը, իսկ ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն ասաց, որ հիշատակի ամեն արարողություն ազնվացնում է մարդկանց ոգին, մեծացնում երեխաների տեսադաշտը:

Ելույթներ ունեցան նաև ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, նկարիչ Հաղթանակ Շահումյանը, <<Վասպուրական>> միության նախագահ Ռոբերտ Միրզոյանը: Ասմունքեցին Սիլվա Կապուտիկյանի անվ. դպրոցի երեխաները, մանկական մրցույթներում հաղթած Էլեն Աբրահամյանը, ուսուցչուհի Մառլենա Սիմոնյանը: Այդ ձայների ուղեկցությամբ և նոր սերնդի՝ 200-ից ավելի երեխաների հայացքի ներքո էլ բացվեց հուշաքարը, իսկ հետո նկարիչ երեխաների համար կայացավ <<ԾԱՂԿԱՆՈՑ>> գրքի նկարների մրցանակաբաշխությունը:

Հայաստանի բոլոր անկյուններից, Արցախից, Բերձորից և սփյուռքի 3 համայնքներից հավաքագրված գործերը ուղղակի հիացրին այցելուներին:  600 աշխատանքներից 300-ը, որ խիտ շարքերով տեղ էին գտել թանգարանի պատերին, ցնցեցին նաև հենց իրենց՝ երեխաներին: Նրանցից շատերը տեսան տարբեր դպրոցների այլ մոտեցումներ, գնահատեցին հասակակիցների տաղանդը, ոգևորվեցին նոր գաղափարներով: Իսկ պարգևների ստացումն, անշուշտ, ամենացանկալի պահն էր: Ժյուրիի անդամներ՝ ՀՀ վաստակավոր նկարչուհի Աննա Հարությունյանի և Փ. Թերլեմեզյանի անվ. դպրոցի ուսուցիչ Դավիթ Դավթյանի հոգացությամբ 60-ից ավելի երեխաներ արժանացան դիպլոմների և խրախուսական նվերների: Այդ հարցում կարևոր  դեր ունեցան նաև մեծաթիվ այցելուների վիճակահանությունները, որոնց շնորհիվ շատ երեխաներ արժանացան ուշադրության կամ կրկնակի մրցանակների:

Այսպիսով, տուն-թանգարանի առօրյան էլ ավելի գրավիչ է դառնում՝ ի մի բերելով նոր ստեղծագործողների, ընդգրկելով կենդանի մասնակցություն, որը խրախուսվում է նաև զանազան կազմակերպությունների կողմից: Այս անգամ թանգարանին աջակցեցին  Մոսկվայի <<ԺԱՄ>> ամսագիրը՝ խմբագիր Աննա Գիվարգիզյանի գլխավորությամբ, Գրականության և արվեստի թանգարանը, Մշակութային կրթության աջակցման հիմնադրամը (տնօրեն Նելլի Սարգսյան), իսկ  <<Եվրասիա>> միջազգային համալսարանը՝ պրոռեկտոր Իրինա Բաբայանի նախաձեռնությամբ  և <<Ռոլան Բիկով>>հիմնադրամը՝ Նունե Մանուկյանի գլխավորությամբ իրենց նախընտրած աշխատանքների հեղինակներին պարգևատրեցին խրախուսական նվերներով:

Հաջորդ քայլը պետք է լինի <<Ծաղկանոց>> շքեղ գիրք-ալբոմի տպագրությունը, և  Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը հույս ունի, որ բարիկամեցողության այսպիսի մթնորտում այն կարելի է դարձնել ոչ միայն տարվա, այլև ժամանակաշրջանի լավագույն հրատարակություն՝ մեր մանուկների բացառիկ նկարներով:

 

Լուսանկարները՝ ԺԱՄ ամսագրի

Լրահոս

Կայքի շնորհանդես. 20.01.2012 թ.

06/01/2012

2012 թ. հունվարի 20-ին` բանաստեղծուհու ծննդյան 93-րդ տարեդարձի օրը, նրա տուն-թանգարանի և Ավ. Իսահակյանի քաղաքային գրադարանի աշխատակիցների ջանքերով կայացավ kaputikyanmuseum.am կայքի շնորհանդեսը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Այց Արցախ

06/11/2011

Հոկտեմբերի 6-ից 10-ը հիմնադրամի և տուն-թանգարանի աշխատակիցները Ստեփանակերտում և Շուշիում կազմակերպեցին հուշ-երեկոներ` նվիրված Ս. Կապուտիկյանին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Բարեկամության կամարներ

15/10/2011

Ս.Կապուտիկյանի տուն-թանգարանում կայացավ ցերեկույթ` նվիրված Սիլվա Կապուտիկյանի և ասմունքող Սվետլաննա Խանումյանի բարեկամությանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Պոեզիայի օր

01/10/2011

2011 թ. հոկտեմբերի 1-ին Պանթեոնում` բանաստեղծուհու շիրիմի մոտ, կայացավ Ս. Կապուտիկյանին նվիրված պոեզիայի ավանդական տոնը, որը սկսել է կազմակերպվել 2007 թ.-ից Կապուտիկյանի արվեստի մեծ երկրպագու Նինա Հարությունյանի նախաձեռնությամբ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

1 2 3 4

Ծիծաղեցի ...

Ծիծաղեցի, թե լացի`
Փրկում չեղավ քեզանից,
Անիծեցի, օրհնեցի`
Փրկում չեղավ քեզանից,
Ամբողջ մի կյանք ամեն տեղ
Խոսքդ բացի ամենքին,
Խոսքս չասած գնացի`
Փրկում չեղավ քեզանից:
1981 թ.

Ափսոս ...

Ափսոս, որ իմ տվածից
Ավելին տալ չեմ կարող,
Լրացնելու պակասը`
Նորից ետ գալ չեմ կարող,
Գեղջուկ մեր երգ, ինչ թողի,
Ինչ երկնեցի օրնիբուն,
Չհասավ քո մեկ տողին`
“Լցվել եմ` լալ չեմ կարող”...
1981 թ.

Թող կապույտը ...

Թող կապույտը` մանուշակին,
Ու կարմիրը` վարդին մնա,
Ինչ պատմությունն է արարել,
Թող պատմության դատին մնա.
Ախր ուր ենք խառնում-խզում
Դաշնությունը հող ու ծառի,
Կեչու անտառը` հյուսիսին,
Մեզ էլ մեր կենտ բարդին մնա:
1982 թ.

Քեզ, հայ հոգի ...

Քեզ, հայ հոգի, որ ողջ մնաս,
Սուրբ սարերի կարոտ է պետք,
Հորդ աղբյուրի կողքին անգամ
Մի կում ջրի կարոտ է պետք,
Երազներդ պատրույգ արած`
Պիտի այրվես, պիտի այրվես,
Ամբարների լիության մեջ`
Հաց-նշխարի կարո¯տ է պետք…
1982 թ.

Աշխարհն ու ...

Աշխարհն ու դարերդ են վկա,
Քո ուղին դու պիտի բացես,
Լեռներով, ձոր ու քերծերով
Ընկնես, ելնես, մագլցես,
Թե անցումը դառնա անհնար,
Դու` լույսի իմ սուրբ որոնող,
Ժայռի մեջ ճամփա ճեղքելով
Գեղարդդ պիտի կառուցես:
1984 թ.

Հայաստան ...

Հայաստան, գուցե այսպես փոքրացար,
Որ իսպառ լուծվես մեր սրտերի մեջ,
Այրված մատյանի պատառիկ դարձար,
Որ վրադ դողանք բյուր թղթերի մեջ:
Որ պտղունց հողդ թալիսմանի պես
Մեր կրծքի վրա կրենք երկյուղած,
Անունդ տալով մաքրվենք դարձյալ`
Աշխարհ ողողող ծով ստերի մեջ:
1981 թ.

Սրով եկան ...

Սրով եկան քեզ վրա,
Դու գիրք ու գիր խնկեցիր,
Կյանքիդ, կայքիդ փոխարեն`
Մագաղաթդ փրկեցիր.
Մարդ ու աշխարհ քո առջև
Ոտից գլուխ մեղքի մեջ,
Նարեկացուդ շուրթերով
Դու թողություն խնդրեցիր...
1981 թ.

Որ մնայիր ...

Որ մնայիր կանգուն ու կուռ`
Ամրոց-տառդ հորինեցիր,
Մասսի կողքին` հոգուդ մեջ էլ
Մասիս սարդ հորինեցիր.
Հողդ քիչ էր, քարերդ` շատ,
Քարերից էլ շատ էր մահդ,
Որ հաղթեիր քարին, մահին`
Դու խաչքարդ հորինեցիր:
1981

Ոնց զգայի ...

Ոնց զգայի, որ դու կաս`
Ցավոտ բառդ չլիներ,
Սերս ինչպես կնքեի`
Շաղոտ բառդ չլիներ.
Ոնց զգայի, որ դու ես
Մեջս, շուրջս ու հեռուն,
Ոնց զգայի, որ քոնն եմ`
Կարոտ բառդ չլիներ:
1981 թ.

Արարատդ ...

Արարատդ քարի պես`
Սրտիդ վրա ծանրացած,
Ասելիքիդ, խռովքիդ
Շատությունից` համրացած.
Ցաքուցրիվ, տարընթաց`
Լուծվում ես դու ու մաշվում,
Այս անարդար բեռներից
Ախ, հոգով էլ մանրացած:
1981 թ.

Ինձ մի ձեռքով ...

Ինձ մի ձեռքով փայփայում,
Մյուսով ցավ ես տալիս,
Ապտակում ես ու պատժում`
Ինքդ ավելի ես լալիս.
Հայաստան իմ, մայրիկ իմ,
Տես մանուկդ խռոված
Քեզ է վազում սրտաճաք,
Փեշիդ լալու է գալիս:
1981 թ.

Մատիդ գոհար ...

Մատիդ գոհար ես շարում,
Տեղը` ձիրքդ ես տալիս,
Սոսկ կշտության հետամուտ`
Դեմքդ, դիրքդ ես տալիս,
Հողդ ուժով թե առան,
Պատմությունդ` եղծությամբ,
Ոգի, լեզու, ինքնություն
Հոժար ինքդ ես տալիս…
1981 թ.

Ով է տեսել ...

Ով է տեսել, որ քարտեզը
Կոկորդ սեղմող մի ձեռք լինի,
Կապույտ-կանաչ-դեղին գույնը
Աչքիդ` կարմիր մի վերք լինի.
Ճշմարիտը ստիպումով
Հազար հանդերձ առնի վրան,
Սուտը` այսքան երեսպատռած,
Այսքան լկտի ու մերկ լինի:

Դրախտավայր ...

Դրախտավայր ասացինք,
Իսկ դու` խութ ու խանդակ, հող,
Վիշապաքաղ ասացինք,
Իսկ դու` խեղճ ու կրակ, հող,
Տեղից ելնողը խլեց,
Խաբեց, բամփեց քո գլխին,
Բարձրավանդակ ասացինք,
Իսկ դու դարձար վանդակ, հող:

Երբ տասնհինգ ...

Երբ տասնհինգ են ասում,
Ես թվական՚ եմ հիշում,
Երբ լեռնային են ասում,
Ես Ղարաբաղ եմ հիշում,
Մեջս իրենց հունն ունեն
Բառերն` ինձնից էլ թաքուն,
Արդարություն են ասում,
Ես որբ իմ Վանն եմ հիշում…

Ունեցած հացդ ...

Ունեցած հացդ նշխարի չափ է,
Ունեցած հողդ խաչքարի չափ է,
Իսկ տառապանքդ,
Իսկ անզոր վառքդ,
Ափեափ զարկող վիրավորանքդ
Ծովի, Օվկիանի, Աշխարհի չափ է…
1981 թ.

Խեվ քամի ...

Խև քամի, ծովերն ես տանում
Մեր ամպը` կուտակված դարով,
Մինչ վարում` խարկված հողեր,
Խանձված արտեր ու արոտ.
Ծովերի, ախ, ինչին է պետք,
Մեր ամպը, անձրևը մի բուռ,
Ծովերը ինչ կհասկանան
Ինչ է ջուր ու ջրի կարոտ:
1984 թ.

Սիրտդ հույսով ...

Սիրտդ հույսով փխրեցրին
Ու ցանելը մոռացան,
Բացին կողդ սեպագիր,
Վերծանելը մոռացան,
Ասին` Հիսուս ես մի նոր`
Մարդկության մեղքը քավող,
Թողին` խաչի հանեն քեզ,
Իջեցնելն իսկ մոռացան…
1984 թ.

Հայաստանում ...

Հայաստանում ծով մի փնտրեք,
Ծով կարոտանքը մնաց,
Ծովից ծովը` ծովը տարավ,
Քար ու քռանքը մնաց,
Ցամաքն ընկած ձկների պես
Թպրտում ենք շնչահեղձ,
Ախ, շրթներիս վրա դրված
Կարթն ու կալանքը մնաց:
1985 թ.

ԴԱՐՁՅԱԼ ԺՈՂՈՎՐԴԻՍ

ԴԱՐՁՅԱԼ ԺՈՂՈՎՐԴԻՍ
Ելնեմ, գնամ հեռու, հեռու,
Հեռվից նայեմ ու կարոտեմ,
Հեռու հեռվում ինքս նորից
Քեզ արարեմ ու կարոտեմ,
Շեն ու շքեղ աշխարհներում
Դեմս ելնես` խեղճ ու մաքուր,
Ետ գամ խոնարհ ու ծունկի գամ
Ժայռերիդ դեմ ու կարոտեմ:
1985 թ.

Ինչ անեմ ...

Ինչ անեմ կյանքը երկար,
Թե նման թղթյա ծաղկի`
Թեև միշտ, բայց միալար,
Բայց անբույր մնամ պիտի:
Մի գարուն ապրեմ թող լոկ,
Գարնան հետ թոշնեմ, գնամ,
Միայն թե թույրով, բույրով,
Բուրելով ապրեմ միայն…
1947 թ.

Սիրտս հողի ...

Սիրտս հողի սիրտն ունենար,
Սիրտս հողի նման լիներ,
Ու երբ մարդը խոփով համառ
Պատռեր սիրտս ու սերմ ցաներ,
Ես վերքերիս միջից կրկին
Ծիլեր տայի, ծիծաղեի,
Ու կրծքիս մեջ խոփ խրողին
Բերք ու բարիք պարգևեի...
1945 թ.

Ինձ չի ...

Ինձ չի տվել հողը հայոց
Հնոց գեղերը հայուհու,
Ոչ սեգ հասակ, ոչ հուր հայացք,
Ոչ հյուսքերի բոցեր հլու.
Պարգևել է նա ինձ խորունկ
Զույգ մոխրագույն աչքեր միայն
Լցված մոխրով իր դարերի,
Խորքում` անթեղը` ներշնչման…
1946 թ.

Դու մի տխրիր ...

Դու մի տխրիր, որ ճակատիդ
Խորշոմներ են դարանում,
Բնությունը կամաց-կամաց
Տվածը ետ է առնում.
Մի տրտնջա, որ թոշնում է
Ջահել ծաղիկը կյանքիդ,
Արհեստական ծաղիկներն են,
Որ երբեք չեն թառամում:
1986 թ.

Իմ սրտից ...

Իմ սրտից ես գանգատ չեմ անի,
Թող զարկի, թող ցավի անխնա,
Ուրիշի վերքերով թող այրվի,
Ուրիշի խնդությամբ զովանա:
Աշխարհը սրտիս մեջ առնեմ ես
Ու սրտանց մորմոքեմ, հիանամ.
Թե ապրեմ, թող սրտով ապրեմ ես,
Մահանամ, թող սրտից մահանամ...
1958 թ.

Ինձ շաղախեցիր ...

Ինձ շաղախեցիր մարդկային կավից`
Սիրուց, զայրույթից, բերկրանքից, ցավից,
Ատելությունից, չարից ու բարուց,
Ըմբոստությունից, կույր վախենալուց,
Երազից, հույսից, անհուսությունից,
Քարեքար խփող խռով արյունից,
Ու դրեցիր այս սիրախանձ ճեղքում`
Արագածի ու Մասյաց արանքում…
1981 թ.

Նարեկացուդ ...

Նարեկացուդ լույսի պես
Լույս չունեցա, ներիր ինձ,
Աշխարհիկը մերժելու
Հույս չունեցա, ներիր ինձ,
Պատանքս առած, ահագնած`
Վեր, լեռները ելնելու,
Բախտիդ համար մեռնելու
Ուժ չունեցա, ներիր ինձ:
1981 թ.

Ախ, ափսոս ...

Ախ, ափսոս, որ հիմա այսպես
Լուռ ու անամոք եմ դարձել,
Թողած քնար ու քնքշություն,
Գանգատ ու բողոք եմ դարձել.
Մատուռ էի` աղոթքով լի,
Հիմա` խոժոռ մի կռատուն,
Չարերի դեմ չարով լցված`
Լերկ ու անողոք եմ դարձել:
1981թ.

Ընկերներս ...

Ընկերներս մեկիկ-մեկիկ
Կորան այս լայն ճամփաներին.
Ախ, քանիսը ընկան հանկարծ,
Արձան դարձան ճամփաներին.
Ապրողները կողքիս չկան,
Ես, թե նրանք մնացին ետ,
Ու կանգնել եմ այսպես մենակ
Այս խուլ, անձայն ճամփաներին:
1981 թ.

Թե ես պիտի ...

Թե ես պիտի մի մատ անգամ
Իջնեմ իմ բերդ-հայությունից,
Թե ես պիտի մի նյարդ անգամ
Զիջեմ իմ խորք-էությունից,
Թե իմ մասունք գիր ու խոսքից
Մի տառ անգամ պիտի զոհեմ,
Դրա դիմաց աշխարհն էլ տան`
Իմ պետքը չէ, ախ, պետք չէ ինձ:
1981 թ.

Շուրջս ...

Շուրջս` մութը հրդեհող,
Ծփուն ու ցոփ գիշերներ,
Գրքերի մեջ, երգերում`
Փարթամ ու բորբ գիշերներ,
Մի հարցնեն` ումն էր պետք
Տունն ու տերը ետմահու,
Իմ ցրտահար, անտերունչ,
Իմ որբ, իմ որբ գիշերներ…
1981 թ.

Այս աշխարհի ...

Այս աշխարհի ցավն ու խինդը
Միայն ինձնով էլ չչափեմ,
Թե հոժար չէ սիրտս ու միտքս,
Ախ, հերիք է, էլ չծափեմ.
Հազար տեղից ճաքած խոսքը
Դեմ են անում, թե` հավատա,
Ուրիշներին խաբելը` հեչ,
Ես ինքս ինձ էլ չխաբեմ…
1981 թ.

Ճաք է տվել ...

Ճաք է տվել ապակին
Դրսից դեռ չի երևում,
Ճաք է տվել իմ հոգին
Դրսից դեռ չի երևում.
Դեռ գինի կա բաժակում,
Դեռ զնգում եմ, բայց հանկարծ
Կփշրվեմ ձեր ձեռքին
Դրսից դեռ չի երևում...
1981 թ.

Ջահել չես ...

Ջահել չես, հագիր վերարկուդ,
Շուտ հագիր – ձմեռ է գալիս.
Իրար բեր հուշ ու լուսամուտ
Ու փակիր – ձմեռ է գալիս.
Սուտ մարդկանց ականջ մի կախիր.
Մի վիճիր, ժամանակ չկա,
Չթողնես բերքերդ ձյան տակ,
Հավաքիր ձմեռ է գալիս:
1982 թ.

Ծուխը ոչինչ ...

Ծուխը ոչինչ, քո առջև
Ծխվող խունկից վախեցիր.
Դառը` ոչինչ, խոսքերի
Քաղցր տուրքից վախեցիր.
Թե պատահի` քեզ տրվեն
Իրավունքներ անսահման`
Ինքդ քեզնից, քո անբավ
Իրավունքից վախեցիր…
1982 թ.

Չէ թե ...

Չէ թե` առաջ, դեպի ետ
Պատվով դարձ էլ չմնաց,
Մեզ` խորհելու, վճռելու
Մի կենտ հարց էլ չմնաց.
Ուր ես սուրդ մերկացրել,
Ուր, վշտակերպ դու ասպետ,
Դոն-Քիշոտին վայելող
Հողմաղաց էլ չմնաց:
1982 թ.

Սեղմիր ատամդ ...

Սեղմիր ատամդ, դու ամենքի մոտ
Բացեբաց լալու իրավունք չունես,
Թեկուզ վիրավոր, թեկուզ արնաքամ`
Զենքերդ տալու իրավունք չունես,
Դու` հայ բանաստեղծ, ինչ էլ որ լինի,
Վերջին զինվորն էլ ընկնի հուսահատ,
Քո ժողովրդի հավերժությանը
Չհավատալու իրավունք չունես...
1982 թ.

Ես չեմ ափսոսում ...

Ես չեմ ափսոսում, որ ուշ եմ ծնվել,
Չեմ կռվել Սասնա Սոսեիդ կողքին.
Արյունը միայն սրով չի հեղվում,
Չի թափվում միայն մարտում մոլեգին.
Իմ խոլ արյունը իմ ներսում հեղվեց
Ու փոխվեց խոսքի, խռովքի, ոգու,
Ու թե ջուր դարձավ, ախ, ոչ թե վախից,
Այլ որ ջուր լցնեմ վերքիդ կրակին…
1982 թ.

Դժվար է գալը ...

Դժվար է գալը, դժվար` գնալը,
Դժվար` լռելը, դժվար` ճչալը.
Դեռ հավատալն է ամենից դժվար,
Ավելի դժվար` չհավատալը...
1982 թ.

Մի մահն ...

Մի մահն ինչ է, երբ սրտումս
հազար մահ ու խոց ունեմ,
Դժոխքից էլ չեմ վախենում`
չորսը տարվա փորձ ունեմ.
Թղթերս` ողջ խառն ու խռիվ
ժողովուրդս` թևաթափ,
Այսպես ես ոնց թողնեմ-գնամ,
երբ դեռ անթիվ գործ ունեմ…
15.05.2002 թ.

Շարվել ենք ...

Շարվել ենք լարված` կողք կողքի
Շախմատի քարերի նման.
Ուզում ենք հաղթել մեկմեկի
Շախմատի քարերի նման.
Բայց մեկ է, զինվոր թե արքա`
Հաղթենք էլ, իջնելու ենք ցած.
Տախտակին նորերն են շարքի
Շախմատի քարերի նման...
1982 թ.

Ինչ ունեի ...

Ինչ ունեի` մսխեցի,
Քիչ էր, շատ էր – չգիտեմ.
Մեծ ձիրքերն են առավել.
Թե մեծ մարդը – չգիտեմ,
Շատ անգամներ երգի տեղ`
Ձեռք պարզեցի ես մարդուն.
Կյանքս այսպես ապրեցի,
Լավ էր, վատ էր չգիտեմ…
1982 թ.

Մահից հետո ...

Մահից հետո` գովք ու գիր,
Ապրելիս` մի տառ չկա,
Պարսավում ենք ու խոցում,
Բարեգութ մի բառ չկա.
Քայլում ենք լուռ, զղջալով
Դագաղների ետևից,
Հետո… Նույնն ենք կրկնում,
Չենք խրատվում, ճար չկա…
1982 թ.

Տաս մատիս էլ ...

Տաս մատիս էլ մատանի
հարսի մատնիք չունեցա,
Առագաստ ու մեղրամիս,
սիրո տանիք չունեցա,
Վայելեցի խնջույքներ,
հոբելյաններ, հանդեսներ,
Պարզ երազը աղջկա`
քող ու հարսնիք չունեցա:
Հունիս 23, 1999 թ.

Գաղափարները ...

Գաղափարները թե գորշ ծուխ ունեն,
Թե մաքուր այրում,
Թե սրբեր ունեն, թե անառակներ`
Որպես հավելում.
Գաղափարների համար ընկնում են
Թևավորները,
Բերքը հաղթության գետնամածներն են
Հաճախ վայելում:
1984 թ.

Երբ մանուկ ...

Երբ մանուկ մի լաց եմ լսում,
Թվում է` թոռնիկս է լալիս.
Երբ մեկը մեռնում է, թվում է`
Ապրելս երեսովս է տալիս,
Երբ մարդը խեղվում է, խաթարվում,
Թվում է` այդ ես եմ մեղավոր,
Այդ ես ինչ-որ բան եղծել`
Աստծու հետ տալիս-առնելիս…
1984 թ.

Այս առավոտ ...

Այս առավոտ այնպես թեթև,
Այնպես զվարթ աչքս բացի,
Ինչից է սա, ինչ է եղել,
Ինչ ստացա, ինչ տվեցի,
Հա հիշեցի` իմ չուզողին
Մի լավություն արի երեկ,
Բարի եղա չարի հանդեպ
Ինքս ինձ հետ հաշտվեցի…
1984 թ.

Ամենքն ուզում են ...

Ամենքն ուզում են, որ համարձակներ
Շատ լինեն կյանքում – սակայն ոչ ինքը:
Ելնեն, ընդվզեն, սուտ ու նենգի դեմ
Կուրծք տան աննկուն – սակայն ոչ ինքը:
Ինքը դժգոհ է. Ինչ են երկնչում,
Ինչու մինչև վերջ չեն նետվում կռվի,
Թե հարկ է զոհվել, այո, թող զոհվեն,
Բայց մնան կանգուն – սակայն ոչ ինքը…
1984 թ.